Քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները:
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ առանձնահատուկ դերը՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման գործում: Ընդգծվել է ՄԻԵԴ վճռիների կատարման կարևորությունը ինչպես անհատական իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետական մակարդակով ձեռնարկվող համակարգային բարեփոխումների ու հմտությունների զարգացման առումով, որոնք ՀՀ իրավասու կառույցները Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ իրականացնում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակում:
Զրուցակիցները երկուստեք արձանագրել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման բարձր ցուցանիշները՝ վերահաստատելով ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորված սերտ համագործակցությունը շարունակելու փոխադարձ հանձնառությունը:
ԱԳՆ-ում Եվրոպայի խորհրդի պատվիրակության քննարկումները շարունակվել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ իրավասու գերատեսչությունների և կառույցների պատասխանատուների հետ: