Ադրբեջանն ու Հայաստանը որոշ չափով տարակուսած են Ռուսաստանից․ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական
Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ խաղաղություն տեղի չունենա։ Ռուսաստանը փորձում է ապահովել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, տեղի ունենա իր պայմաններով։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ։
«Կարծում եմ, որ, ճիշտն ասած, երկու երկրներն էլ որոշ չափով տարակուսած են նրա (Ռուսաստանի) ներկայությունից։ Մենք շատ ենք փորձում ապահովել, որ խաղաղության արտահայտված ցանկությունն արտացոլվի համաձայնագրում։ Մի փոքր ավելին կասեմ, թե ինչու է խաղաղության պայմանագիրն այդքան կարևոր։ Նայեք քարտեզին, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները աներևակայելի հարուստ են։ Այժմ նրանց միակ մուտքը համաշխարհային շուկա հիմնականում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ։ Սա կնվազեցնի նաև կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այսպիսով, սա այն է, որ թույլ տանք երկրներին ընտրել իրենց ճանապարհները դեպի համաշխարհային շուկաներ», - ասաց Օ'Բրայենը: