Հետ չեն կանչվել ռուսական արտադրության՝ախտածին սալմոնելաներ հայտնաբերված հավի ու հավի մսով կոտլետները
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքից հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ուսումնասիրություն էր կատարել Գորիսի և Շինուհայր գյուղի խանութներում և հայտնել, որ ռուսական արտադրության բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին սալմոնելաներ, մաֆանմք։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ խանութում տվյալ արտադրատեսակի վաճառքը կասեցվել է, իսկ լաբորատոր փորձաքննության արդյունքները՝ տրամադրվել նախաքննական մարմնին:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 հոգանոց ընտանիք՝ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն, որտեղ 4-ամյա Լուիզան, գիտակցության չգալով, մահացել է։
Հայտարարությունից ու հրապարակումներից տպավորություն էր ստեղծվել, թե երեխայի մահվան դեպքը կապվում է այդ խնդրի հետ։
Պաշտոնական հաղորդագրության հետքերով գնալով՝ «Փաստինֆոն»-ն փորձեց պարզել, թե առողջության համար վտանգավոր տարրեր հայտնաբերելով ինչ քայլեր է արել ՍԱՏՄ-ն, մասնավորապես՝ պարզվել է, թե որքան խմբաքանակ է բերվել եւ որ ընկերության կողմից, արդյոք ներմուծվող ապրանքն, ի սկզբանե, ախտահարված է եղել, թե այստեղ պահելու ընթացքում պայմանները չեն պահպանվել, պահանջներին չհամապատասխանող որքան ապրանք կա տարբեր խանութներում ու արդյոք դրանք եւս հետ են կանչվել։
Պարզվեց, որ ոչ՝ պահանջներին չհամապատասխանող տվյալ ընկերության կողմից ներմուծված կոնկրետ ռուսական արտադրության սառեցված հավն ու հավի մսով կոտլետները, որտեղ հայտնաբերվել են սալմոնելաներ, մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, շարունակում են վաճառվել խանութներում։ Ավելին՝ ՍԱՏՄ-ն չգիտի մյուս խանութներում վաճառվող ապրանքը համապատասխանում է չափանիշներին, թե ոչ, քանի որ դեռ ստուգումները չեն ավարտվել։ Տվյալ խմբաքանակը խանութներից հետ կանչելու կարգագիր չի տրվել։