«Գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ»․ Մամիկոն Ասլանյան
«Անկեղծ ասած, ես հետ եմ մնացել մեր երկրի փոփոությունների դինամիկայից։ Ես որ գնացել եմ ՔԿՀ, մեծ երկիր էր։ Հիմա չգիտեմ՝ ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել։ Այնպես որ ոչ սպասում էի, ոչ էլ չէի սպասում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք սպասելի՞ էր հենց այս օր իր նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխելու վերաբերյալ հարցին։
Լրագրողի հարցին, թե՝ պայմանավորվածություն կա՞ ազատ արձակվելու դիմաց հաջորդ ընտրություններին չառաջադրվելու վերաբերյալ, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց․ «Եթե պայմանավորվածություն լիներ՝ ես այստեղ չէի լինի։ Ոտքից գլուխ սա քաղաքական հետապնդման պրոցես է»,-ասաց նա
Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե՝ խոսակցություններ կան, որ գործարքներ են առաջարկել, որոնք Ասլանյանը մերժել է, ինչի հետևանքեով էլ նրա ազատ արձակվելը ձգձգվել է, նախկին քաղաքապետը նշեց, որ իրեն որևէ առաջարկություն չի եղել։
«Գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ»,-ասաց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել 10 մլն դրամ գրավով։