Նորից փայլեցնես ծնողներիդ վշտից խամրած աչքերը, լինես հերոս եղբորդ արժանի հետևորդը․ այսօր հերոս Մխիթար Գալեյանի եղբոր՝ փոքրիկ Մխիթարի ծննդյան օրն է
Այսօր` հուլիսի 15-ին, 44-օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի փոքրիկ եղբայրը՝ Մխիթարը, դառնում է 2 տարեկան։
NEWSPRESS.am-ը շնորհավորում է փոքրիկին՝ այս հրաշալի օրվա կապակցությամբ։ Նրա ծնունդը նոր շունչ տվեց հերոսի ընտանիքին ու ապրեցրեց նրանց՝ ավագ որդու կորստից հետո։
Թող խաղաղ լինի այն երկինքը, որի տակ ապրում է այս հրաշամանուկը, թող անվտանգ լինի այն հայրենիքը, որտեղ ապրում է փոքրիկ Մխիթարն ու որի պաշտպանության մարտերում հերոսաբար ընկավ նրա եղբայրը։
Թող փոքրիկ Մխիթարը մեծ Մխիթարի արժանի հետևորդը լինի ու հավերժ լուսավոր պահի իր եղբոր հիշատակը՝ իր հաջողություններով, ձեռքբերումներով, առաջընթացով ու իր գործով։
Անհոգ մանկություն ու անամպ երկինք քեզ, հրաշք երեխա։ Թող իրականանան ծնողներիդ՝ Աստղիկ Գալեյանի ու Գարիկ Գալեյանի երազանքները կապված քեզ հետ։ Թող Աստծո օրհնությամբ մեծանաս ու կարողանաս, գոնե ինչ-որ չափով, կյանքի կոչել նաև եղբորդ անկատար նպատակները։
Առողջ ու երջանիկ լինես և նորից փայլեցնես ծնողներիդ վշտից խամրած աչքերը։
Շնորհավոր ծնունդդ՝ նորից ու նորից:
Հիշեցնենք, որ հերոս Մխիթար Գալեյանը ծնվել է 2000թ օգոստոսի 17-ին։
2006թ հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց։ Ավարտել է 9-րդ դասարանը և ընդունվել թիվ 149 ավագ դպրոց։ Միաժամանակ ուսանել է ռուս-հայկական սլավոնական համալսարանի 0 կուրսում։2018թ ընդունվել է նույն համալսարանի «Քաղաքագիտության» բաժինը, որտեղ սովորել է 4 ամիս։ 2019 Հունվարի 17-ին զորակոչվեց։ Ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում։ Դեռ մանկուց սիրում էր ինքնուրույնությունը: Բնավորությամբ լիդեր էր, ընկերասեր, ուրախ, տաքարյուն, նպատակասլաց, ապացույցն այն է, որ նպատակ դրեց ընդունվել համալսարանն անվճար ու այդպես էլ արեց։
Ծառայության ընթացքում երբեք չի բողոքել, իր մոտ ամեն ինչ լավ էր, այդպես էր միշտ պատասխանում նույնիսկ պատերազմի օրերին։ Նա նաև խիզախ է եղել ռազմի դաշտում։ Իր հրամանատարի՝ Ալբերտ Խաչատրյանի մահից հետո ինքն է վարել մարտը, իր վրա վերցրել բոլոր դժվարությունները։
Մխիթարը սերժանտ էր, դիրքի ավագ։
Զոհվել է 2020թ Հոկտեմբերի 1-ին, հանգչում է Եռաբլուրում։