Իսրայելցի նախարարի խոսքերը զայրացրել են Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վրդովված է Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարար Ամիչայ Շիկլիի՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություններից:
Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Նրա տեղեկություններով՝ Մակրոնը հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում վրդովմունք է հայտնել ընտրություններին Շիկլիի միջամտության կապակցությամբ։
Մակրոնը միջադեպն անվանել է անընդունելի։ Ի պատասխան՝ Նեթանյահուն վստահեցրել է նրան, որ կոչ է արել նախարարներին զերծ մնալ Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից։
Նախօրեին Շիկլին նշել էր, որ Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաք» կուսակցության հաղթանակը լավ արդյունք կլինի Իսրայելի համար։ Բացի այդ, նախարարն ասել է, որ Նեթանյահուն, իբր, համաձայն է այդ տեսակետի հետ։