Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նոր ներկայացման պրեմիերան՝ կենդանի միջավայրում (լուսանկարներ)
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա պրեմիերա՝ ոչ սովորական պայմաններում։ Այն հանդիսատեսի դատին կհանձնվի թատրոնի շենքից դուրս՝ կենդանի միջավայրում։ Իսկ ավելի կոնկրետ՝ Վանաձորի դրամատիկական թատրոնը, Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, որոշվել է «Մեկ գավաթ էնդորֆին» ներկայացումը ցուցադրել Վանաձորի պատկերասրահում։
Ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանի խոսքով` պատկերասրահի ընտրությունը ինքնանպատակ չի եղել։
«Ներկայացումը որոշեցինք խաղալ պատկերասրահում մի քանի պատճառներով։ Առաջինը ամռան ամիսներին դժվար է հանդիսատեսին նստեցնել դահլիճում և ստիպել ներկայացում նայել, հանդիսատեսը հետաքրքրում են նոր ու անսպասելի մոտեցումներ, որոնք նոր էմոցիաներ, սպասելիքներ կառաջացնեն։ Երկրորդը պատկերասրահում հնարավորություն ենք ունենում, բեմականացումից բացի, ներկայացնել նաև գեղանկարներ, և մինչ ներկայացումը հանդիսատեսն արդեն իսկ իրեն զգում է բոհեմական միջավայրում»,- ասաց Ժիրայր Գաբրիելյանը։
Այդ ամենից բացի, ռեժիսորը նկատում է, որ պատկերասրահում խաղն ավելի կենդանի միջավայր է ստեղծում։
«Ներկայացումը խաղում ենք կենդանի հետնապատի դիմաց․ այսինքն՝ ներկայացման ընթացքում հանդիսատեսը պատկերասրահում կարողանում է նաև տեսնել ու զգալ քաղաքի անց ու դարձը, տրամադրությունն ու եղանակը, ինչն էլ ավելի է կենդանացնում ու իրականությանը մոտ դարձնում ներկայացումը»,-ասաց
Ըստ Հերբերտ Բերգերի, «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգություն (18+) բեմադրության ռեժիսորն է Ժիրայր Գաբրիելյանը։ Երաժշտական ձևավորումը` Հրանտ Վարդումյանի, պարերը` Արման Սաքանյանի։
Ներկայացման հերոսներին մարմավորում են Արման Սաքանյանը՝ Ֆիլիպի դերում, Մարիամ Ղևոնդյանը` Նենսի դերում, Էդգար Քոչարյաը՝ Ջոնի դերում, Նոնա Սաֆարյանը` Դորատի դերում և Բոբ Ջեքսոի դերում՝ Էդգար Բարսեղյանը:
Ներկայացման պրեմիերան կկայանա հուլիսի 23-ին, 25-ին, 29-ին, 30-ին և 31-ին ժամը`
19:30-ին շրջայց պատկերասրահում
20:00-ին գինու հյուրասիրություն, գինու համտեսի վարպետաց դաս և Կողբի բնաշխարհի գեղարվեստական գործերի ցուցադրություն
20:20-ին ներկայացում