ՀՀ որևէ պետական պաշտոնատար անձ Հայաստանում գտնվող փախստականների խնդրից, նրանց վերադարձի իրավունքից չի խոսել. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով որոշվել է, որ 2001 թվականից սկսած հունիսի 20-ը նշվելու է որպես «Փախստականների համաշխարհային օր»։
1988 - 1994թթ. Արցախյան առաջին պատերազմի արդյունքում հարյուր հազարավոր հայեր ադրբեջանական ագրեսիայից և ջարդերից մազապուրծ փախստական են դարձել Հայաստանի Հանրապետությունում:
2020 - 2023թթ. ադրբեջանական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է շուրջ 150 հազար փախստական:
Այս մարդիկ զրկվել են միջազգային իրավունքով ամրագրված իրենց բնօրրան, հայրենիք վերադառնալու անբեկանելի իրավունքից։
Այսօր Հայաստանի որևէ պետական պաշտոնատար անձ կամ գերատեսչության ներկայացուցիչ Հայաստանում գտնվող փախստականների խնդրից, ինչպես նաև նրաց վերադարձի իրավունքից չի խոսել և չի բարձրաձայնել այն։ Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն X սոցիալական հարթակում գրել է «ադրբեջանցի փախստականների արժանապատիվ և անվտանգ վերադարձի» մասին»։