Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. անդամները մտադիր են վայելել այն. արտահերթ նիստեր չեն լինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երևանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:
Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհրդարանն ամառային նստաշրջանն ավարտեց. մինչև աշուն արտահերթ նիստերից բացի` ԱԺ հերթական նիստեր այլևս չեն լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 25-ին հրավիրվելու է այս ավագանու վերջին նիստը, ու ավագանու անդամները ևս արձակուրդի կմեկնեն:
Ավագանու հերթական նիստն արդեն կկայանա սեպտեմբերին:
Ի տարբերություն պատգամավորների, որոնք ամռանը արտահերթ նիստեր են նախատեսում, Երևանի ավագանու անդամները մտադիր են վայելել իրենց ամառային հանգիստը:
Մեզ հետ զրույցում Երեւանի ավագանու անդամներն ասացին, որ եթե արտառոց իրավիճակներ կամ հրատապ նախագծեր չլինեն, ապա տրամադրված չեն ամռանը արտահերթ նիստ հրավիրելու:
Այսինքն՝ հունիսի 25-ին ավագանին վերջին նիստը կանի և «կարձակվի»՝ մինչև սեպտեմբեր»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում