Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը

Այսօր՝ հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքը պարեկները սահմանազատել են։
Երթևեկությունը դադարեցվել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա վիրավոր։
Մինչ դեպքի վայրում իրավապահներն աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է: