«Հայ-թուրքական սահմանին ենթակառուցվածքային աշխատանքները ավարտել ենք, անցակետը պատրաստ է շահագործման, բայց թուրքական կողմից չենք տեսել քայլեր». Ռուբինյան
Մարգարայի անցակետը վերանորոգվել է արդեն եւ պատրաստ է շահագործման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ առաջընթաց չկա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Խոսքը 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության մասին է, ըստ որի՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը պիտի բացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։
Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք, ավարտել ենք, եւ անցակետը պատրաստ է շահագործման համար, իսկ թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ։ Բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի վերջին Անթալիայում։ «Պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք ունենք պայմանավորվածություն, որ հանդիպում տեղի կունենա Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ։ Ժամկետի եւ այլնի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չունենք»,- հավելեց նա։