Չեմ ուզում հավատալ, որ Հեղինեն էր գաղտնալսող սարք տեղադրում, նա շատ հարազատ մարդ էր ինձ համար. Բագրատ Սրբազան

Եթե գաղտնալսում չկար, ապա ինչո՞ւ էր Կենտրոնի Ոստիկանության պետը կամ ԺՊ-ն իր ընկերակիցներով գալիս ու շրջապատում և գրեթե 1,5 -2 ժամ թույլ չէին տալիս ոչ մեկին այնտեղ լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
«Ուզում են, իբրև թե, իրենց կարճ խելքով վախեցնեն: Անօրեն գաղտնալսելուն ո՞վ պետք է տեր կանգնի: Գողին ասենք, որ գնա գող բռնի՞: Ոտքի վրա դուռը չեն բացում, որ մենք նայենք: Փաստը ցույց ենք տվել, ձայնը լսել են: Մենք հոգեկան շեղում չունենք, որ գնանք պատահական դռներին խփենք ու մարդկանց վախեցնենք»,- նշեց նա:
Սրբազանի խոսքով՝ եթե իր իմացած աղջիկն է եղել՝ Հեղինեն, ապա շատ է ցավում, քանի որ շատ լավ ճանաչում է նրան ու հարազատ մարդ է եղել իր համար:
«Ինձ առաջին անգամ որ ցույց տվեցին, ես ասացի՝ անհնար է, չեմ հավատում: Գուցե նման է և հիմա էլ մարդկային տեսանկյունից էլ չեմ կարողանում հավատալ»,- նշեց նա:
Անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքերին՝ Սրբազանն արձագանքեց. «Ես դեռ իր մասին ոչինչ չեմ ուզում ասել: Ինքը շատ լավ գիտի՝ ես իր մասին ինչեր գիտեմ: Ես իմ ասածների վրա վստահ եմ»։
Նրա խոսքով՝ այս պահին նախատեսված միջոցառումներ չկան Երևանում և քիչ անց ավտոերթով կգնան Երևան, իրենց անելիքները կանեն: Ուղերձն այստեղ հղել են արդեն, այսօր այս չափը չափազանց կարևոր էր:
«Ոչ խելք ունեն, ոչ կենսագրություն ունեն, ոչ տեսիլք ունեն և ոչ էլ ձգտում: Երազանքները սահմանափակվում են Ավան թաղամասում տներով ու մեքենաներով, սահմանափակվում են, որ թիկնապահները բռնեն մարդուն, իսկ իրենք թքեն»,- շեշտեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին: