Եկեղեցուն հարկել են մոնղոլները, պարսիկները, թուրքերը, Սովետական միությունը, եկեղեցին հարկվելուց վախենո՞ւմ է. Միքայել Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատում է․ Եկեղեցուն հարկել են մոնղոլները, պարսիկները, թուրքերը, Սովետական միությունը։
«Այնքան են եկեղեցուն հարկել... մոնղոլներն էլ, պարսիկներն էլ, թուրքերն էլ։ Սովետական միությունը ոնց է հարկել։ Մենք հարկվելուց վախենո՞ւմ ենք»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Միքայել Աջապահյանի խոսքով` իշխանություն-եկեղեցի լարվածությունը սկսել են հենց այս իշխանությունները։
«Իրենց ճղճիմ էությունն է ցույց տալիս, ողորմելիությունը, մանրությունը։ Ուրիշ բան ցույց չի տալիս։ Եկեղեցին հարկվելուց վախենո՞ւմ է։ Օրենքով ինչ նախատեսված է, մենք վճարում ենք։ Մենք ազատված ենք այն հարկերից, որոնցից բոլոր կրոնական կազմակերպությունները ազատված են։ Մենք որևէ արտոնություն այդ իմաստով չունենք։ Միայն գույքահարկի իմաստով որոշ արտոնություններ ունենք, որովհետև պատմական հուշարձան համարվող եկեղեցիներից հարկ չի գանձվում»,- ասաց Միքայել Աջապահյանը։
Նա հիշեցրեց, որ դեռ ամենաառաջին հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ եկեղեցին չպետք է հզորանա, որովհետև պետությունը կթուլանա եկեղեցու հզորության դեպքում։
«Հիմարություն։ Սա բորբոքված ուղեղի արտահայտություն է, անմտություն է, բայց այդ անմտությունը դարձրել է պետական քաղաքականություն։ Հզոր եկեղեցին չի խանգարում հզոր պետականությանը։ Մեր եկեղեցին այսօր էլ հզոր է ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս։
Խզումը եղել է իրենց կողմից։ Իրենք բոլոր տեսակի հարցերով սկսեցին խոչընդոտել եկեղեցուն՝ հենց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հանումով, մնացած բոլոր հարցերում աչքաթող անելով, արարողակարգային հարցերից դուրս մղելով, հեռուստատեսությունը փակելով»,- ասաց Միքայել Սրբազանը։