Աստված օրհնել է մեր ընթացքը, մնում է մենք ականջալուր լինենք նրան և շարունակենք․ Սրբազան (տեսանյութ)

Երբ հայացքդ հառում ես դուրս, ներսդ դատարկվում է, բայց երբ հայացքդ դեպի ներս է, դուրսն ավելի է ամրանում։ Այսպես ասաց իր ուղերձում Բագրատ Սրբազանը։
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ․
Այսօր Մայիսի 28-ը նշում ենք մեր բոլոր ժամանակների ամենանվաստ ու ամենաանպատիվ շրջանում։ Բայց չպետք է ընկճվենք, հուսահատվենք ու նահանջենք։ Մեր տառապանքներն ու ցավերը, մեր կորուստները մղում են մեզ էլ ավելի մեծ սխրանքների։
Սիրելի ժողովուրդ, դուք այս օրերին փաստել եք, որ նույն Սարդարապատյան ոգին ունեք։ Դուք փաստել եք ասելով՝ ո՛չ ու ո՛չ և հազար անգամ ո՛չ անպատվությանը, նվաստացմանը, ստորացմանը, ստին, թշնամությանը, ատելությանը և ասել եք այո՛ ճշմարտության հաղթանակին, ասել եք այո՝ պատվին ու հայրենիքին։
Չպետք է մերժել բարեկամներին, բայց հույսը պետք է դնել սեփական ուժի, սեփական օրակարգի ու սեփական նպատակների վրա ու այդպես առաջնորդվել կյանքում։
Երբ հայացքդ հառում ես դուրս, ներսդ դատարկվում է, բայց երբ հայացքդ դեպի ներս է, դուրսն ավելի է ամրանում։
Աստված օրհնել է մեր ընթացքը, մնում է մենք ականջալուր լինենք նրան և շարունակենք այդ ընթացքը հավատարմորեն, առանց ներքին փոքր ու մեծ հաշիվների, առանց մանր խնդիրների, առանց ոչ էական հարցերի, որոնք քայքայում են մեր կյանքը։
Այդ մարդը (Նիկոլ Փաշինյան) հատել է բոլոր սահմանագծերը, և՛ իրավական, և՛ մարդկային, և՛ բարոյական։ Եվ այսօրը նրա այստեղ չգտվելը դրա վկայությունն է։ Ես չգիտեմ դա սեփական որոշում է, թե թելադրված որևէ տեղից, բայց փաստն այն է, որ այսօր այստեղ մենք ենք և այսօր դուք այստեղ հերթական անգամ արձանագրում եք այն հաղթանակը, որ Սրբազան պայքարի բովով անցնում ենք։
Սիրելի ժողովուրդ, իրական Հայաստանը, որ դուք եք, պետք է հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին։
Հոգևոր Հայաստանն իր անսահմանափակությամբ պետք է հաղթի «նոր Հայաստանին», որը սահմանափակ է։