«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարար
Դպրոցներում գնահատման համակարգը ամբողջությամբ փոխվել է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
«Նոր չափորոշիչով ամենամեծ փոփոխություններից մեկը դպրոցներում գնահատման համակարգի փոփոխությունն է․ երեխաները միավորային գնահատական չեն ստանում մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ»,- ասաց նա։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ 4-րդ դասարանի քննություններն ընդհանրապես հանվել են։
«Փոխարենը կիրականացվի արտաքին գնահատում, որը կլինի համակցված թեստ՝ մայրենի, մաթեմատիկա և «Ես և շրջակա միջավայրը» առարկաներից»,-ասա նախարարը։
Ըստ նրա, 9-րդ դասարանի քննությունները վերանայվել են։ Նախարարն օրինակ բերեց բնագիտական առարկաների քննությունները, որտեղ, հաշվի առնելով, որ լաբորատորիաներ են ներդնում դպրոցներում, թեստերը փոխվել են այնպես, որ փորձերի հիման վրա առաջադրանքներ պարունակեն։
«Բոլոր այն դպրոցներում, ուր դեռ չկան լաբորատորիաներ, նախագծային աշխատանքներ կլինեն առնվազն 2 առարկայից, որոնք սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են»,- ասաց նա։
Նախարարը նաև հայտնել է, որ գրականության և պատմության քննությունները միավորել են։
«Երեխաները կհանձնեն գրականության և պատմության համատեղ քննություն»,- ասաց նա։