Ի գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին
2018 թվականին նմանատիպ կեղծ տեղեկատվություն տարածողների գործունեության արդյունքում մարդկանց ճնշող մեծամասնությունը խաբեության և մանիպուլյացիաների արդյունքում, մեկ այլ հատվածն էլ սեփական շահից դրդված մերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու Արցախը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
«Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին Հայկական երկու հանրապետությունները, իսկ նմանօրինակ կեղծ թեզեր տարածողները մնացել են, ունեն մեծ լսարան և դեռ շարունակում են նույն գործելաոճը։
Լիահույս եմ, որ միասնականությունը վերականգնվելու է, որ սեփական ամբիցիաները զիջելու ենք հանուն ընդհանուր մեկ ամբիցիայի, այն է ՀՀ անվտանգությունը և իրական ինքնիշխանության պահպանումը։
Պետք է մերժել եսը, որ հաղթի մենքը։ Ի հեճուկս կեղծ թեզեր գեներացնող այլահպատակների, մենք միևնույնն է պաշտպանելու ենք մեր երկիրը և վերականգնելու ենք արդարությունը, վերականգնելու ենք մեր երբեմնի հզորությունը, մեր երկիրը տարածաշրջանում կրկին լինելու է գործոն, ինչպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր, այլ ոչ թե գործիք ինչպես հիմա է։
Հ.Գ Ի գիտություն կեղծ լուրեր տարածողներին, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում, տարբեր հատվածներում հանդիպումներ է ունեցել տեղի բնակիչների, լրագրողների հետ»,- գրել է Դանիելյանը մեջբերելով ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մի միտք` «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»: