«Չբավարարված կանայք են»․ Վրաստանի խորհրդարանում իշխանական պատգամավորը հայհոյել է կին գործընկերներին
Խորհրդարանում գենդերային քվոտաների վերացման մասին օրինագծի քննարկման ժամանակ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Բեքա Օդիշարիան սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում ներկա ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին։ Օդիշարիան նրանց բնութագրել է որպես «չբավարարված կանայք»՝ օգտագործելով փողոցային անընդունելի արտահայտություն։
«Չբավարարված կանայք: Դա չբավարարված կանանց սինդրոմ է», — ասել է Օդիշարիան խորհրդարանում՝ ի պատասխան քվոտավորման վերացմանը դեմ հնչած կարծիքներին։
Այսօր խորհրդարանում քննարկվել է քվոտաները վերացնելու օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Օրեր առաջ՝ ապրիլի 1-ին, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ կաջակցի «Գիրչի» կուսակցության նախաձեռնությանը, որը նախատեսում է կուսակցությունների ընտրական ցուցակներում գենդերային քվոտաների վերացում։
Աղբյուրը՝ Aliq.ge