Փառք ու խնկարկում Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակի առջև․ Համբարձումյան
Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
8 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որն ստացավ «քառօրյա պատերազմ» անվանումը:
Թշնամու ագրեսիան ձախողվեց, և նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերը: Ձախողվեց, քանզի հակահարված ստացավ մարտունակ բանակի զինվորներից, որոնց կողքին ու թիկունքում կանգնեցին նաև խաղաղ բնակիչները:
Ավաղ, այս պատերազմը դարձավ հայ ժողովրդի պատմության ցավոտ էջերից մեկը, պատերազմ, որ անավարտ թողեց տասնյակ երիտասարդների երազանքներ, իսկ հարազատների սրտերում՝ անսփոփ ցավ ու վիշտ:
Ժամանակը մեզ հեռացնում է ապրիլյան այդ օրերից, բայց երբեք չեն սպիանա վերքերը, իսկ հերոսները երբեք հիշողություն չեն դառնա:
Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Հայ ազգը դարեր շարունակ պայքարել և պայքարում է իր ինքնության պահպանման, իր հողի համար: Պայքարել է առանց հուսահատվելու, պայքարել է հավատը սրտում:
Այսօր էլ, երբ Արցախը հայտնվել է այլ երկրի տիրապետության ներքո, երբ մեր երկրի առջև ծառացած են բազում մարտահրավերներ, մենք հավատում ենք, որ գալու է այդ օրը, երբ իրականություն է դառնալու մեր դարավոր երազանքը։
Փառք ու խնկարկում Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակի առջև: