2024-ի առաջին եռամսյակում պետբյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ, աճը կազմել է 21%։
Վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 25 հազար 790 ծանուցում։
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 160.4 մլն գործարք` 2921.3 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 18.3 մլն գործարքով կամ 12.9%-ով, իսկ արժեքային` 473.9 մլրդ ՀՀ դրամով կամ 19.4%-ով:
Հարկ վճարողների կողմից 2024թ. փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 725,051, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 32,785-ով կամ 4.7%-ով:
Նշենք, որ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը իրականացնում է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված, ինչպես նաև նրանց գործունեության վերաբերյալ երրորդ անձանցից և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների ուսումնասիրում` հարկային ռիսկերի բացահայտում, գործարքների ամբողջական փաստաթղթավորման նկատմամբ մշտադիտարկում և ռիսկերի գնահատում։
Հարկային վարչարարությունը հիմնականում իրականացվում է այն դեպքերում, երբ վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային համարված և ծանուցված հարկ վճարողները չեն փոխում իրենց ռիսկային վարքագիծը: