Իրանը Իսրայելի գործողությունը Սիրիայում անվանել է ահաբեկչություն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում կոչ է արել դատապարտել Իսրայելին Սիրիայի Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակման համար, հայտնում է IRNA-ն։
Մշտական առաքելությունը Իսրայելի գործողություններն անվանել է ահաբեկչական հարձակում և ընդգծել, որ հարվածը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Նամակում նաեւ նշվում է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում խիստ պատասխան տալու։
«Իսրայելի օկուպացիոն ռեժիմը նողկալի և ատելի ահաբեկչություն է իրականացրել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական հաստատությունների վրa: Այս նողկալի հանցագործությունները և վախկոտ ահաբեկչությունները ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում են»,- ասվում է մշտական ներկայացուցչության նամակում։
Իրանի դիվանագիտական առաքելությունը նաև խնդրել է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։