Հունաստանն առաջին երկիրն է եղել, որ միջազգային անդամակցությունների հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորում է Հունաստանի Հանրապետության դերը` պաշտպանության ոլորտում։ Նա Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանդական հարաբերությունների, փոխադարձ օգնության և պատրաստակամության արժեքների ու ընդհանուր մոտեցումների վրա։
Պապիկյանը նշեց, որ երկու երկրների ներկայացուցիչներրը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր։
«Կարևորել ենք 2023 թվականի դեկտեմբերին իմ՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված ՀՀ-ի և Հունաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը։ Անդրադարձել ենք նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին։ Այս համատեքստում արժե նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում»,–ասաց նա։
Պապիկյանի խոսքով, հույն գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել են նույն արժեքները կրող այլ երկրների հետ համագործակցության հեռանկարներին։
«Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հունաստանն առաջին երկիրն է եղել, որ պաշտպանական ոլորտում եվրոպական պետությունների ու կառույցների հետ հարաբերություններում միջազգային անդամակցությունների հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,-ասաց Սուրեն Պապիկյանը։