Արևմուտքի կողմից ՀՀ հասցեին արվող ռևերանսները Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն». Գեղամյան
Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։
Չնայած Թուրքիայի հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։
Դեռևս 19-րդ դարից այդ շահը շատ հստակ ձևակերպում է ստացել. դուրս մղել Ռուսաստանին նշված գոտիներից, որը Թուրքիայի համար ազգային-պետական գլխավոր նպատակներից է։
Հենց այս պատկերացմամբ էր առաջնորդվում երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հվ. Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տ. Կլաարը, երբ նշում էր, որ «Թուրքիան է տարածաշրջանի առաջատար ուժը» և պետք է տարածաշրջանային նոր պայմանագրերի միջոցով «ցեմենտի իր այդ դերը»։
Արևմուտքի կողմից Հայաստանի հասցեին արվող առանձին ռևերանսները ոչ միայն մակերեսային են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն» և զոհաբերվելու են հանուն դրանց։ Ավելին, այդ ռևերանսներն արվում են որպես այդ զոհաբերության մաս»,- գրել է նա։