Հաջորդը դրոշն է․ Րաֆֆի Հովհաննիսյան
Ինչ որ անելու ենք ազգովի, պետականորեն, ողջ Հայրենիքով հանդերձ և ի հեճուկս մեր միջի ժամապահ իշխանիկի, ուշացած այսօրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«ՀԱՋՈՐԴԻՎ ԴՐՈՇՆ Է
Մարտերկու, 1992 - մարտերկու, 2024… Պետականության երեսուներկու տարիներ, որոնց վերածնունդն ու վայրէջքը, սխրանքն ու սխալմունքը, մաքառումն ու մեղքը մեզ բերել են Հայոց հայրենիքի արդի պատմության ամենագոյութենական վճռորոշ ծայրակետին:
Հիմա՝ 32 տարի անց, նախախնամության բերմամբ հռչակված Հայաստանը, ազգի ու պետության ամբողջական ինքնությունը, Սիփանը, Մռավն ու Խուստուփը, հողն ու հոգին, անցյալն ու ներկան, հայկական ժառանգությունն, ընդհանրապես, կենացմահու գոյամարտի մեջ են արտաքին ոսոխների եւ ներքին երեսպաշտների միացյալ ասպատակությունների դեմհանդիման:
Մնում է պետական Հայրենիքի գերագույն խորհրդանիշը՝ Դրոշը եռագույն, որը վեր խոյացավ պատմության մեջ ճիշտ այս օրը, եւ կդառնա այդ պետության ու պատմության, անօտարելի իրավունքների եւ անբեկանելի արժեքների ինքնահանձնումը տիեզերական:
Բառերն այլեւս անզոր են, մեր բարը՝ հափշտակված: Կարճ կապենք:
Ինչ որ անելու ենք ազգովի, պետականորեն, ողջ Հայրենիքով հանդերձ եւ ի հեճուկս մեր միջի ժամապահ իշխանիկի, ուշացած այսօրն է:
Սերունդների կերտած Հանրապետությունը եւ նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 մարտի 2024
Երևան»