Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն. Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն։
«Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին տալ միջանցք՝ արտատարածքային տրամաբանությամբ»,- ասել է նա Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։
Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ՀՀ-ի դիրքորոշումը Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է «Խաղաղության խաչմերուկում»։
«Մենք ցանկանում ենք հաղորդակցությունների ապաշրջափակում` ինքնիշխանության, օրենսդրության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է Ռուբինյանը։