Կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը․ ՀՀ կառավարությունը դարձավ «ՄՏՍ-Արմենիա»-ի բաժնետեր
«ՄՏՍ-Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանըտ;
Գործադիրի այսօրվա նիստում որոշում կայացվեց բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու մասին։
««Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր: Ընկերության ընդհանուր ժողովի 16.02.2024 թվականի նիստում որոշում է կայացվել և Ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը»,- նշված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը։
«Այս ռազմավարական ոլորտում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն ու ներկայություն ունենալու հնարավորություն ունի։ Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, ու ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- ասաց նա։