Մահ ես փնտրելու ու չես գտնելու, մտածի դրա մասին․ Զոհրաբ Բեկ-Գասպարենց
Ես պարզապես հայ եմ ու սիրում եմ Հայաստանը։ Այսօր նայում եմ իմ երկրին, իմ հայրենիքին, էսօր մենք ոչինչ չունենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է բեմադրիչ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։
«Կարող են ասել՝ էսօր որ ոչինչ չունենք, մեղավոր է մեր անցած տարվա 30 տարվա պատմությունը։ Մի պարզ բան ասեմ, եթե դուք չեք ներում էդ 30 տարվա «գռփած» երկիրը, էդ ո՞նց եք ներում 120 հազար հայի արտագաղթը, ո՞նց եք ներում 44-օրյա պատերազմից հետո հերոս տղերքի արյունը, ո՞նց եք ներում էն ամեն ինչը, ինչ որ հիմա կատարվում է։ Աբսուրդի է նմանվում էդ ամեն ինչը»,- ասել է բեմադրիչը։
Ըստ նրա երկու զենք ունենք՝ դիվանագիտականն ու մշակույթը։ Առաջինին նայելով՝ Բեկ Գասպարենցն ամաչելով ուզում է կանչել ու նրանց համար Չերչիլ կամ Ռուզվելտ կարդալ։ Ինչ վերաբերում է մշակույթին, ապա նա դիմում է իր հարազատներին, փնտրող արվեստագետներին, մտածողներին։
«Չարենցը Կարսը կորցրեց, նո՞ր սկսեց երգել Կարսի մասին։ էլի՞ ինչ-որ բաներ կորցնենք, որ սկսենք նկարել, բեմադրել»,- ասել է արվեստագետը։
Նա կոչ արեց ազգի մեջ ազգայինը սերմանել՝ ժամանակն է։
«Ցավոտ է, որ մեր հասարակությունը, ցավոք սրտի, այսօր սպասում է, թե մեկը պիտի գա՝ մեզ օգնի։ Մենք մեզ չօգնենք, մարդ չի օգնելու։
Իսկ հիմա ավելի ուղիղ՝ մահ ես փնտրելու ու չես գտնելու, մտածի դրա մասին»,- ասել է նա՝ չմատնանշելով կոնկրետ ում նկատի ունի։
Նշենք, որ նա տեսանյութը վերնագրել է՝ 0-ական կետից։