Քննարկվել է հնդկական թունաքիմիկատների՝ ՀՀ ներմուծման գործընթացի շուրջ առկա խնդիրների կարգավորումը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանն անդրադարձել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղիներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր Հնդկաստանում արտադրված ագրոքիմիկատների և թունաքիմիկատների Հայաստան ներմուծելու գործընթացի ու գրանցման ընթացքում առաջացած խնդիրների կարգավորման վերաբերյալ։
Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև հետագա համագործակցության ուղղությամբ իրականացվող քայլերը, առկա ներուժը, ինչպես նաև շարունակական երկխոսությունն ու գործընկերությունը տարբեր ուղղություններով: