Տգետ հիմնավորումներով և խորամանկ մտադրություններով Փաշինյանը փորձում է հայրենազրկել մեզ․ Աշոտյան
«Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։
Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է Ալիևին հանձնել նաև մեր հոգիները։
Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր , որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը , սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը և մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։
Տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը, հակադրելով պետությունը հայրենիքին, փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ։ Ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում։ Որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ մոռացված հայրենիքը՝ երբեք։
Հիշեցնենք նրան, որ պետությունը ընդամենը հայրենիքի գոյության ապահովման ձև է, նրա կենսունակությունը ապահովելու միջոց։ Հիշեցնենք նրան, որ հայրենիքը մարմինն է, իսկ պետությունը՝ այն ծածկող մաշկը։ Հիշեցնենք նրան, որ եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ու՞մ է պետք այդպիսի պետությունը։ Այդպիսի Հայաստանի Հանրապետությունը այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։