Էս տուրքերը որ բարձրացրել են՝ մեծահարուստների, լավ փողատերերի համա՞ր են արել․ էդ ա դուրս գալիս՝ արդար չի․ Թադևոս Ավետիսյան
Եթե ՀՀ որևէ քաղաքացի առնչվի այս խնդրին՝ կտեսնի, թե ինչ անիրականանալի խնդրի առաջ է կանգնում։ Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Պատկերացնո՞ւմ եք, տուրքը բարձրացել է, ու մարդն ուզում է իր օրինական պետությանը բոլոր վճարումները կատարած ավտոտնակում կամ փոքրիկ կրպակում ուղղակի էլեկտրաէներգիա քաշի կամ գազ ու ջուր՝ անիմաստ է, քանի որ մարդն էդ գույքի արժեքի չափ պետք է վճարի, որ էլեկտրաէներգիա քաշի կամ գազ ու ջուր»,- ասաց նա։
Պատգամավորի գնահատմամբ` սա անտրամաբանական է։ Նա նկատում է, որ պետք է շտկվեն անհարթությունները։
«Չէ, իրոք․ Էս տուրքերը, որ բարձրացրել են՝ մեծահարուստների, լավ փողատերերի համա՞ր են արել։ Բա էդ ա դուրս գալիս։ Այսինքն` ծայրամասում, որ մարդ պետք է կարողանար հասանելություն ունենար փափագած տանը՝ չի կարողանում ունենալ, Կենտրոնում էլ էն մեկը, որ 44-րդ բնակարանը պետք է առնի՝ իր վճարած գնի մեջ համարյա տոկոս չի կազմում։ Արդար չի»,- ասաց Ավետիսյանը։