Արցախի հարցը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Արցախի ԱԺ փոխնախագահ
Արցախի հարցը ընդհանուր առմամբ ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, և մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։
«Կարևոր է նկատենք, որ մենք որևէ երկրի, որևէ ժողովրդի տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել: Շատ կարևոր է, որ մեր դիվանագիտությունն օգտագործի, բայց չի օգտագործում, որ մենք խորհրդային ժամանակահատվածում ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որոշակի կարգավիճակ է ունեցել Խորհրդային միության կազմում, ինչպես Խորհրդային Ադրբեջանը: Ավելին ասեմ` ԼՂ ինքնավար մարզը ձևավորելուց հետո մենք Սահմանադրություն ենք ունեցել, որում գրված է, որ պաշտոնական պետական կեզուն հայերենն է: Փաստորեն, մենք ինքնորոշվել ենք մեր տարածքի վրա` ազատ ապրելու մեր իրավունքը իրացնելու տեսանկյունից: Կարծում եմ, որ իրավական տեսանկյունից որևէ խնդիր չկա և այսօր խոսել այն մասին, որ Ադրբեջանի տարածքում պետք է ինքնորոշում, այդպիսի բանն անընդունելի է»:
Բալայանը շեշտեց, որ Արցախը միայն արցախահայությանը չէ, դա հայ ժողովրդինն է, այսինքն` համայն հայությանն է պատկանում, հաջողություններն ու անհաջողությունները հայ ժողովրդին են պատկանում անկախ այն բանից, թե Հայաստանում է ապրում, Սփյուռքում, թե Արցախում:
Նա տեսակետ հայտնեց, որ հայ ժողովուրդը չի ընդունի Սահմանադրության փոփոխությունը, որով դուրս է գալու Արցախի պահանջատիրությունը: