Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Պերուի միջև
Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական կապերի զարգացումը: Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում տնտեսական, կրթամշակութային կապերի ներուժի և դրա աշխուժացման կարևորությունը։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
Խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Պերուի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: