Մինչև ընդդիմադիր հատվածը մի կողմ չդնի տարատեսակ պատկերացումները, մինչև չդադարեցվի «ո՞վ է բերել Նիկոլին» փուչիկ հարցադրումը, չի լինելու ոչ մի բան․ Արտակ Զաքարյան
Քանի սրանք են իշխանության, որևէ լավ բան սպասել չի կարելի։ Այդ մասին այսօր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ արդեն քննարկելի էլ չեն «սրանց» ստերը։
«Այսօր ոչինչ չի արվում ՀՀ սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության ու անվտանգային խնդիրների լուծման համար։ Ոչինչ բացառապես չի արվում, բացի հիմարություններ դուրս տալուց, բացի պատեպատ խփվելուց։ Դա էլ բացառապես մի բանի համար, որ երկարաձգվի սրա խղճուկ ու աղետալի իշխանությունը»,- նշեց Զաքարյանը։
Հարցին, թե Փաշինյանին հեռացնելու համար ի՞նչ է անում ընդդիմությունը բացի ստատուսներ գրելուց ու հարցազրույցներ տալուց, Արտակ Զաքարյանը պատասխանեց՝ առնվազն երեք անգամ արվել է առավելագույնը, բայց, ցավոք, հանրային աջակցություն չի եղել, բացի այդ՝ ընդդիմության միավորում չի եղել։
«Եվ մեկ անգամ ուզում եմ ասել՝ մինչև ընդդիմադիր հատվածը մի կողմ չդնի տարատեսակ պատկերացումները, մինչև չդադարեցվի «ո՞վ է բերել Նիկոլին» փուչիկ հարցադրումը, չի լինելու ոչ մի բան։ Մենք ունենք, ինչ ունենք։ Ունենք կայուն ընդդիմություն, առողջ ուժեր, որոնց խնդիրը լիարժեք չի լուծվել»,- նկատեց նա։