Դատարանը բավարարել է Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Վարչական դատարանը բավարարել է Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի՝ պարտավորեցնելով ՀՀ նախագահին Մոհամմեդ Մուքարմեային ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Գործի դատավարական նախապատմությունից տեղեկանում ենք, որ Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեան ամուսնացել է ՀՀ քաղաքացի Լ. Տոնոյանի հետ եւ ստացել ժամանակավոր կացության կարգավիճակ։
2021-ին հայցվորը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է դիմումը մերժելու որոշման նախագիծ ու ստորագրել այն՝ դատարանում պատճառաբանելով, որ «եթե վարչապետը մերժել է, ապա նախագահը չէր կարող չստորագրել»։ Արդյունքում դատարանը փաստարկված չի համարել հանրապետության նախագահի, վարչապետի, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բերած հիմնավորումները՝ բավարարելով Մոհամմեդ Մահդի Մոհամմեդ Մուքարմեայի հայցադիմումը։ Իսկ թե ինչու է Փաշինյանը որոշել, որ անձը չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա, պատմությունը լռում է»։