Ղարաբաղի հարցը փակված է. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան
Ղարաբաղի հարցը փակված է։ Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Ցավոք սրտի, չստացվեց. այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։
Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։
Դեսպանի խոսքով, «Հայաստանն ու Ադրբեջանը այժմ ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև կնքված պայմանագրերում։ Եվ սկզբունքորեն, ելնելով այն առաջարկներից, որ անում է Բաքուն, ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել։ Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակ, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ փոխգործակցություն ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»։
Հարցին, թե այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի՞, դեսպան Եվդոկիմովը պատասխանել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների շատ արագ ավարտին։ Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության թեմային՝ Եվդոկիմովն ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը այս առումով համաձայնեցնում են բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։
«Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետներն այժմ համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը Ղարաբաղում ավարտվում է 2025 թվականին։