Պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության տարածած հայտարարությունը։
«75 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ն ընդունեց մարդկության պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։ Իրենց բնույթով ցեղասպանական գործողությունները ուղեկցել են մարդկությանն իր պատմության վաղագույն ժամանականերից, սակայն միայն XX դարի կեսերին է, որ հնարավոր դարձավ որևէ կերպ սահմանել նման արարքներն ու ուղիներ փնտրել դրանց կանխարգելման համար։ Հատկանշական է, որ «ցեղասպանություն» եզրի և բուն երևույթի բնութագրման հարցում նախադեպային է եղել նաև դարասկզբի Հայոց ցեղասպանությունը։ 1948 թ․ նման փաստաթղթի ընդունումը կարելի էր քաղաքակրթական և մարդասիրական զարգացման նոր աստիճան համարել, եթե իրապես հնարավոր լիներ կանխել վերջին 75 տարիների ընթացքում և մասնավորապես այսօր աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող և անպատիժ մնացող ցեղասպանական գործողությունները։
Հայ ժողովուրդը, թերևս, եզակի տեղ է զբաղեցնում երբևէ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների շարքում, քանի որ քանիցս ենթարկվել է ցեղասպանական ամենատարբեր գործողությունների իր իսկ հայրենիքում կամ նախնական բնակության արեալում։ Սակայն եթե որևէ կերպ հնարավոր է բացատրել ցեղասպանությունները XX դարում, երբ գոյություն չեն ունեցել որևէ միջազգային իրավարար մեխանիզմներ, ապա անպատկերացնելի է նման ակտերի կրկնությունն այսօր։ Վերջին հարյուրամյակի ընթացքում պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի, արդեն նաև Լեռնային Ղարաբաղի հայությունն առնվազն երիցս ենթարկվել է ադրբեջանական իշխանությունների կողմից այնպիսի գործողությունների, որոնք աներկբայորեն կարելի է համարել ցեղասպանություն։
Անհնար է այլ կերպ մեկնաբանել 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ի Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը, անհնար է այլ գնահատական տալ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերին, երբ հայությունը թիրախավորվում էր ազգային և կրոնական խտրական քաղաքականության հենքով, ինչն անհնար դարձրեց պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքում հայկական գոյության շարունակականությունը։ Այս համակարգային անպատժելիությունն էլ ավելի ոգևորեց այն էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և ուծացման հարցում աներևակայելի հաջողությունների հասած Բաքվի բռնապետական վարչակարգին, որը չխորշեց հումանիտար աղետի միտումնավոր հարուցմամբ 10 ամիս շարունակ սովամահության եզրին հասցնել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայերին, դիմել անհամաչափ ռազմական գործողությունների ու վախի սպառնալիքով ու նվաստացմամբ բնիկ հայությանը դրդել բռնագաղթի։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես բռնի տեղահանված հայության իրավունքների համար պայքարի հանձնառու, դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով անաչառ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ կատարված համակարգային հանցանքներին։
Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին, որը ցեղասպանածին գործոն է։ Մենք մեկ անգամ ևս հիշեցնում ենք միջազգային հանրությանը, որ ադրբեջանական ծայրահեղ ազգայնական քաղաքականության հետևանքով ադրբեջանական հասարակությունը վերածվել է էթնոֆոբ զանգվածի՝ զուրկ մարդասիրության ու ճշմարտասիրության բոլոր հատկանիշներից։ Այս է վկայում քնած հայ սպային կացնահարողի հերոսացումը, այս է վկայում Ջուղայի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այս են վկայում այն անթիվ ցեղասպանական գործողությունները, որոնց ենթարկվել է հայությունը 1988-1992 թթ․ պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում, ապա՝ 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում։
Մենք վստահ ենք, որ մարդկության պատմությունը նման զազրելի գործողություններից ապագայում զերծ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի 75 տարի առաջ ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան գործի անվերապահորեն, այլապես մարդասիրական բոլոր կոչերն ի չիք են՝ առանց պատժի ու պատասխանատվության համապատասխան մեխանիզմների»։