Ալիևը մտադիր է Արցախը բնակեցնել իբրև նախկին փախստականներով
Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են մինչև 2026 թվականի վերջը Արցախում բնակեցնել ավելի քան 140 հազար իբրև նախկին փախստականների։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերաբնակեցնել «նախկին» փախստականներին։ Մինչև 2026 թվականի վերջ մենք նախատեսում ենք վերաբնակեցնել ավելի քան 140 հազար մարդու»,- ասել է նա։
Ալիևը նշել է, որ այսօր Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում էական ներդրումների կարիք կա ենթակառուցվածքային, բնակարանային նախագծերում և սոցիալական ենթակառուցվածքային նախագծերում։
«Այս տարածքը մեծ ներուժ ունի գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի, արևային և հողմային էներգիայի, զբոսաշրջության ոլորտներում։ Սա կլինի պետական ներդրումային ծրագրի հիմնական ուղղությունը»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։
Մինչ այս Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իր գործողություններով ցույց է տվել, թե ինչպես կարելի է խաղաղություն հաստատել ռազմական ուժի օգնությամբ։