Կառլեն Սիմոնյանն իմ ճանաչած ամենաբարեկիրթ մարդն է՝ ռումիներեն էլ գիտի․ Ալենից էլ լավն է․ Գուրգեն Արսենյանը՝ վստահեցնում է՝ ՔՊ-ականների 99%-ը միայն աշխատավարձով է ապրում
Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վստահեցնում է՝ ԱԺ դահլիճում նստած են պատգամավորներ (ընդ որում՝ ՔՊ-ական), որոնց 99 տոկոսի վերաբերյալ երաշխավորում է՝ ապրում են աշխատավարձով ու երբեմն անգամ աշխատավարձն էլ չի բավականացնում։
«Այն մարդիկ են, ովքեր Հայաստանում օրենքներն են ընդունում, մեդիա դաշտում նրանց մասին թեզեր են հնչում»,- նա այս մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է իշխող մեծամասնությունը պայքարում կոռուպցիոն երևույթների դեմ։
Գուրգեն Արսենյանը վստահեցրեց, որ ոչ միայն այդ պատգամավորները, այլև նրանց քույրեն ու եղբայրները ոչ մի առավելություն չունեն ու չեն առնչվում մենաշնորհների հետ։
Որպես այդպիսին, Գուրգեն Արսենյանն օրինակ բերեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանի հետ կապված աշխատանքային գործունեությունը։
«Կառլեն Սիմոնյանին ճանաչում եմ 15 տարուց ավելի, իմ ճանաչած ամենակրթված, ամենաբարեկիրթ, Ալենից ավելի լավ, կներեք (շրջվելով Ալեն Սիմոնյանի կողմը-խմբ․), անձնավորություն է, որի հետ շփման ժամանակ ստանում ես միայն բացառիկ դրական էմոցիաներ, նաև ռումիներեն էլ գիտի։ Այդ մարդու մասնագիտական աշխատանքի հետ կապված՝ որոշվել էր, որտեղ ինքը աշխատում է, ինչ-որ շինարարական տենդեր էր հաղթել, կոռուպցիայի վատ դրսևորում էր։ Ոչ, դա այդպես չէ»,- ասաց Գուրգեն Արսենյանը։
Նա առաջարկեց, որ կասկածների դեպքում ոչ թե մեդիա դաշտում այդ մասին բարձրաձայնվի, այլ ուսումնասիրություն կատարվի, որպեսզի հասկանան, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը։