«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ՔՊ փակ նիստի արտահոսքի մասին
ԱԺ-ն երկվանից շարունակում է քննարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Մասնավորապես, քննարկումներն ընթանում են հանձնաժողովի նախագահի թեկնածու և գործող նախագահ Հայկուհի Հարությունյանի ու ՔՊ-ականների հանդիպման շուրջ։
Դեռ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ընդդիմադիր պատգամավորները նշեցին, որ այդ հանդիպման ժամանակ ճնշումներ են եղել Հայկուհի Հարությունյանի նկատմամբ, քանի որ որոշ պատգամավորներ անցնում են կոռուպցիոն սխեմաների հետ կապված քրեական վարույթներով։
Այսօր՝ դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստի ժամանակ․ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փակ հանդիպումից արտահոսք է եղել։ Արթուր Հովհաննիսյանը չմատնանշեց, թե ում է մեղադրում արահոսքի համար, բայց ագրեսիվ տոնով ակնարկեց Հայկուհի Հարությունյանին։
Ըստ պատգամավորի՝ երեկվա ելույթներին հետևած ֆեյսբուքյան գրառումների ու ԶԼՄ հրապարակումների միջոցով փորձում են ազդել ՔՊ-ի քվեարկության վրա։
«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է, այլ գործիքներով են ռեալ կյանքում փորձել ճնշել մեզ ու հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի»,- ասաց նա:
ՔՊ-ականը հայտարարեց, թե այսուհետ պետք չէ փորձել ասել տեքստեր, որոնք նմանվում են անարգանքի:
«Այդ դեպքում դուք արժանանալու եք համապատասխան վերաբերմունքի»,- ասաց նա: