Պայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Երևանում. տեղի է ունեցել փլուզում. տուժածները Հնդկաստանի քաղաքացիներ են
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վշտունու փողոցի թիվ 76 տանը տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ խոհանոցում գտնվող 20 կգ-անոց գազաբալոնից տեղի է ունեցել արտահոսք, առաջացել է գազի կուտակում, որին հետևել է պայթյուն` հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել: Պարզվել է,որ պայթյունի հետևանքով խոհանոցի արտաքին պատը և միջսենյակային պատը փլուզվել են: Այրվել է խոհանոցի գույքը, և այլ կենցաղային իրեր:
Տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել նշված տանը բնակվող՝ Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ 29-ամյա Անոդիպ Դիներիին, և 30-ամյա Բունդի Շարմանին, ովքեր այնուհետև հոսպիտալացվել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Կայքը հայտնում է, որ նշված տունը, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, գազաֆիկացված չէ: Տան տերն էլ հայտնում էր, որ երեկ 20 կիլոգրամանոց գազաբալոնը լիցքավորել և բերել տեղադրել են խոհանոցում, և գուցե անզգուշաբար մի բան սխալ են արել, այդ թվում` միացում, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել նման դեպք: