ՀՀ-ում խոր ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն հաստատելու համար՝ կառավարությունը բարձրացրել է դատավորների աշխատավարձերը․ Փաշինյան
Կարող է հարց ծագել՝ Կառավարությունը որևէ բան արե՞լ է կամ ի՞նչ է անում, որ ՀՀ-ում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն․ այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ պետական բյուջեն։ Այս մասին ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերն էականորեն բարձրացել են բավական բարձր բազայի վրա, իսկ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 2024 թվականի հունվարի 1-ից։
«Դատախազության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է, դա կընդգծվի 2024 թվականին, դատախազների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել է 256 տոկոս, կոմիտեի քննիչների աշխատավարձերը կրկնապատկվել են»,- ներկայացրեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի կամ հատուկ քննչական ծառայության համեմատ աճել է 443 տոկոսով։ Քննիչների աշխատավարձն էականորեն ավելացել է արդեն իսկ բարձր բազայի վրա, իսկ օպերատիվ աշխատողները ստանում են նախկինում չլսված աշխատավարձեր։ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են, էականորեն մեծացել է Սահմանադրական դատարանի ֆինանսավորումը։
Փաշինյանն ընդգծեց, որ այս բոլոր որոշումները կայացրել է Կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը՝ հավատալով արդարադատության ինստիտուցիոնալ էության և դատական համակարգի անկախությանը։