Հորս համար չափազանց ծանր է այն իրողությունը, որն ունեցանք վերջին տարիներին․ Լևոն Քոչարյանը վստահեցնում է՝ Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել
ՔՊ խմբակցության պատգամավորների հետ ոչ մի հարաբերություն, ոչ մի շփում, ոչ մի առնչություն․ հանդիպում ենք միայն նիստերի դահլիճում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե՝ արդյոք լարվածությո՞ւն կա իր և ՔՊ-ականների միջև։
«Եթե լիներ՝ դուք կիմանայիք»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմության օրակարգին՝ Լևոն Քոչարյանը նշեց, որ ընդդիմության խնդիրն այսօր իշխանության սխալների մասին խոսելն ու դրանք վեր հանելն է։
Դիտարկմանը, թե՝ այդ խնդիրը չէր իր առջև դրել ընդդիմությունը, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ բնակչությունը, գուցե, շատ կտրուկ գործողություններ չի ընդունում, ուզում են փաստարկված խոսք ու բանավեճեր տեսնել:
«Արդյունավետությունը ժամանակի մեջ է։ Իհարկե, եթե ես ասեմ բավարարված եմ այն աշխատանքով, որ ընդդիմությունն է անում, անկեղծ ու ճիշտ չի լինի, բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձել սեփական սխալներն ընդունելով` ավելի ճիշտ շարժվել առաջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ամեն դեպքում, Լևոն Քոչարյանը համամիտ չէ այն տեսակետին, թե հայրը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պասիվ է։
«Նա ձեռքերը չի լվացել, մի կողմ քաշվել։ Նա ակտիվ է, եթե խոսքը գնում է հանրային ակտիվության մասին, իր որոշումն է ներկա փուլում։
Չափազանց ծանր է նրա համար այն իրողությունը, որն ունեցանք վերջին տարիներին` հաշվի առնելով իր ներդրումն ազատագրական պայքարի, մեր հաղթանակների հետ կապված»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպումներ, քննարկումներ է ունենում, իսկ երբ ճիշտ համարի, երևի թե հանրային կխոսի: