Նոր նշանակումը բոլորովին պատահական չէ․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Լեզվի կոմիտեի նախագահին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Լեզվի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Սիրանուշ Դվոյանին: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր գործընթացների սկիզբ է դրել իր պաշտոնավարման ընթացքում:
«Լեզվի կոմիտեն մեր հասարակության համար ամենակարևոր կառույցներից է, որի աշխատանքը հանրության շրջանում շատ տեսանելի է և մեծ նրբանկատություն է պահանջում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը շեշտել է, որ Սիրանուշ Դվոյանի նշանակումը բոլորովին պատահական չէ: «Հուսով եմ, որ Սիրանուշ Դվոյանի անձնական փորձառությունն աշխատակազմի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ կնպաստի Լեզվի կոմիտեի բազմաթիվ անելիքների իրականացմանը», - նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ նախագահին սպասվող ոչ հեշտ աշխատանքում:
Սիրանուշ Դվոյանը մասնագիտացմամբ գրականագետ է և երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդել է 20-րդ դարի հայ գրականություն, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարան տեղափոխվելուց հետո առիթ է ունեցել «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասավանդման շրջանակում առնչվելու նաև լեզվաբանության հետ: