«Բա հո ձե՞զ չեմ մեղադրելու, իշխանությանն եմ մեղադրում»․ Բաբայանը՝ Արցախը հանձնելու մեջ մեղադրում է ՀՀ իշխանությանը
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարում է, որ տեղյակ չէ, թե Հայաստանի իշխանություններն ինչ են ձեռնարկում՝ արցախահայության վերադարձի ուղղությամբ, բայց ինքն իր ծրագրերն ունի։
«Ես գիտեմ՝ ես ինչ եմ իրականացնում»,- ասաց նա՝ չհստակեցնելով իր խոսքը։
Հարցին՝ հետամուտ չի՞ լինելու, որ իր առաջարկն իրագործվի, Բաբայանը պատասխանեց. «Ունենք խելոք ընդդիմություն, չէի ցանկանա իրենց խանգարել... Շատ խելոք... Ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում»։
Նրա կարծիքով` Արցախը հանձնել ենք բոլորս միասին։
Լրագրողի դիտարկմանը՝ «մենք չենք հանձնել, դուք հանձնե՞լ եք», Բաբայանն արձագանքեց. «Ես՝ չէ» և շարունակեց․ «20 տարի չեք թողել էդ Արցախում որևիցե մի բան արվի՝ իշխանության հետ միասին»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե ում նկատի ունի՝ Բաբայանը շեշտեց, որ բոլորին՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանություններին։
Հարցին, թե՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունի՝ պատասխանեց. «Այո»։
Լրագրողի հարցին, թե Հայաստանի իշխանությանը մեղադրո՞ւմ եք Արցախը հանձնելու մեջ, Բաբայանն արձագանքեց․ «Իհարկե՛, բա հո ձե՞զ չեմ մեղադրելու, իշխանությանն եմ մեղադրում»։