Դանակահարություն Գագիկ Մելքոնյանին պատկանող կրթահամալիրում․ դանակահարողը Մելքոնյանի թո՞ռն է․ ինչո՞ւ է լռում տնօրենը
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում գտնվող` «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում։ Հիշեցման համար, սա այն նույն համալսարանն է, որը պատկանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, և որի տնօրենը նրա մտերմուհին է՝ Ռիտա Գյուլամբարյանը։
Քոլեջի սաների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով, մեր տեղեկություններով, Գագիկ Մելքոնյանի թոռը՝ կրտսեր Գագիկ Մելքոնյանը դանակահարել է մեկ այլ ուսանողի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։ Վերջիններիս տնօրեն Ռիտա Գյուլամբարյանը մատնանշել է մեկ այլ՝ դարձյալ Գագիկ անունով ուսանողի, ասելով՝ թե իբր այդ տղան է դանակահարել և, փաստորեն, փրկել է իր մտերիմ Մելքոնյանի թոռանը։
Մեզ հասած տեղեկություններով, այդ տղային ձերբակալել են ու պահել 3 ժամ, որից հետո նրան բաց են թողել։
NEWSPRESS.am-ը հետ զրույցում, Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց, որ տվյալ կրթահամալիրում իսկապես միջադեպ է տեղի ունեցել։
«Նման դեպք ունեցել ենք»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը։
Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 24-ին` ժամը 12։46-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ աջ սրունքի մակերեսի կտրած, ծակած, արյուն հոսող վերքով համալսարանից տեղափոխվել է 2007 թվականի ծնված երիտասարդ, որը հայտնել է, թե վնասվածքն ստացել է համալսարանի բակում ցանկապատի վրայով անցնելու հետևանքով։
«Մեկնած օպերատիվ խումբը՝ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել է, որ երիտասարդին վնասվածքներ պատճառել է նույն համալսարանի մեկ այլ ուսանող։ Ձեռնարկվել են միջոցառումներ երիտասարդին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:
Նա միայն հավելեց, որ վնասվածք ստացած ուսանողը հրաժարվել է հաղորդում տալուց։
Արմինե Մկրտումյան