ԱՄՆ-ն ՀՀ-ին կտրամադրի լրացուցիչ ավելի քան 4 միլիոն դոլար՝ ԼՂ բռնի տեղահանվածներին աջակցելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը, նշելով, որ լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:
Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի արդյունքում ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ։