ՀԱՊԿ-ի հետ աշխատանքներում խնդիր կա, բայց Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա․ Արշակյան
Անկեղծ ասած` Ձեր հարցը խութեր ունի իր մեջ։ Այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողին, երբ վերջինս հետաքրքրվեց՝ եթե իշխանությունն անընդհատ մերժում է ՀԱՊԿ-ին ու աստիճանաբար հրաժարվում ՀԱՊԿ անդամակցությունից, ունի՞ արդյոք այլընտրանք։
Հակոբ Արշակյանը նշեց, որ երբ խոսքը Հայաստանի անվտանգային հարցերի մասին է, ապա դա մեկ կամ երկու պայմանագրով չի որոշվում։ Նրա խոսքով` երկրի անվտանգության հարցը լուծվում է, օրինակ, նաև սպառազինության հարցով, ու Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել տարբեր երկրներից։
«Դուք դա տեսնում եք»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն անվտանգային երաշխիքներ է տալիս, Արշակյանը նախ նշեց, որ չի հասկանում հարցը, ապա կրկնեց, որ սպառազինություն կարող են ձեռք բերել տարբեր երկրներից։
Ամեն դեպքում, Արշակյանը վստահեցնում է, որ Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա։
«Նման հարց չի քննարկվել»,- ասաց նա։
ԱԺ փոխնախագահը նշեց՝ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության պատասխանատվության տարածքը։
«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, և դա է խնդիրը՝ ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքներում»,- նշեց Արշակյանը։