Արցախցիները հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թոշակները դեկտեմբեր ամսին վերահաշվարկ արված կկարողանան ստանալ. Սոցապնախարար

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից, թե արդյոք Հայաստանի քաղաքացիություն ընդունած արցախցիները և հատուկ պաշտպանության կարգավիճակ ունեցողները միևնո՞ւյն կենսաթոշակն են ստանալու:
«Հոկտեմբերի 26-ին Կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրվեց հատուկ պաշտպանության կարգավիճակ, համաձայն որի` անկախ նրանից, երբ որ դու ստանում ես ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, դա գրեթե հավասարեցվում է փախստականի կարգավիճակին, ինչը նշանակում է, որ դու արդեն իսկ ունես կենսաթոշակի, նպաստի իրավունք: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները, անկախ նրանից` կդիմե՞ն քաղաքացիության, թե՞ ոչ, շարունակելով մնալ ժամանակավար պաշտպանության կարգավիճակում, կշարունակեն ստանալ կենսաթոշակ, նպաստներ և այլն»,- ասաց Մկրտչյանը:
Նախարարը նշեց, որ խնդիր է դրված ներդնել մի համակարգ, որպեսզի նախարարությունը բազաներն ինքնաշխատ տարբերակով վերցնի, և արցախցիներն իրեն նպաստներն ու թոշակները ստանան:
Գեղամ Նազարյանն ի պատասխան հորդորեց լրատվամիջոցների օգնությամբ արցախցիներին ավելի պարզ կերպով ծանոթացնել իրենց իրավունքներին: Նազարյանը նաև հետաքրքվեց, թե արցախցները հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թոշակները ստանալո՞ւ են, թե՞ ոչ, նաև` արդյոք ստանալո՞ւ են իրենց թոշակներն ու նպաստները նրանք, ովքեր Արցախում ստանում էին:
«Մեզ հասանելի բոլոր տվյալները, բազաները, որոնք մենք կհամադրենք և կհասկանանք, որ իրենք արդեն ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, իրենք կշարունակեն ստանալ: Ես կարծում եմ` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թոշակները դեկտեմբեր ամսին վերահաշվարկ արված իրենք կկարողանան ստանալ: