Եթե եղավ չզեկուցվող հարց՝ մենք նիստին չենք մասնակցի․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ
Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց օրակարգի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, հակառակ պարագայում իրենք չեն մասնակցի օրակարգային հարցերի քննարկմանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ այս անգամ ընդառաջում է և կողմ է քվեարկում առաջարկին, «Հանրապետություն» խմբակցությունը՝ դեմ։
«Կառավարության որդեգրած չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել Երևանի քաղաքապետարան։ ՔՊ-ի մոտեցումը, թե այս անգամ ընդառաջում ենք, հետո կտեսնենք, թե ոնց կլինի՝ ընդունելի չէ։ Առհասարակ, բոլոր հարցերը պետք է զեկուցվեն՝ անկախ նրանից, թե հանձնաժողովներում ինչ եզրակացության են եկել», - հայտարարեց Մանուկ Սուքիասյանը։
Նա նշեց, թե այս անգամ կողմ կքվեարկեն բոլոր հարցերը զեկուցվող դարձնելուն.
«Բայց եթե այդպես շարունակվի նաև հետագայում, մեզ համար լինելու է անընդունելի աշխատելաոճ և այդ սկզբունքով չենք մասնակցի ավագանու որևէ լուրջ հարցի քննարկման»։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը ևս հայտարարեց, որ դեմ են «չզեկուցվող հարց» հասկացությանը։