ՔՊ նիստում հնչել է «չի կարելի»-ների շարք. Փաշինյանը կասկածում է թիմակիցներին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկել են կուսակցականների՝ ՔՊ կանոնադրությունից և ծրագրից բխող պարտականություններին, ինչպես նաև կուսակցական էթիկային առնչվող հարցեր։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ դեռևս վարչության ընտրություններից հետո է որոշված եղել քննարկել կուսակցականների վարքականոնի ու պարտավորությունների հարցը, սակայն դա ձգձգվել է, Նիկոլ Փաշինյանը հարցը հիմա է օրակարգ բերել, քանի որ կասկածներ ունի թիմակիցներից գրեթե բոլորի նկատմամբ և տարբեր գործիքակազմով հետևում է նրանց։ Կուսակցականի վարքականոններ սահմանելով՝ նա ուզում է լրացուցիչ գործիք ունենալ, քանի որ նախօրեի նիստին ասել է, որ այն կուսակիցները, որոնք չեն հետևի այդ կանոններին, պատասխանատվության կենթարկվեն թե՛ քաղաքական, թե՛ քրեական առումով։
Զավեշտն այն է, որ ՔՊ նիստում հնչել է «չի կարելի»-ների շարք, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով թույլ է տալիս անձամբ ինքը՝ Փաշինյանը։ Օրինակ, չի կարելի հայհոյել, մի բան, որ նա անում է իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Իսկ վերջին ընտրությունների քարոզարշավին նա սպառնում էր «շինել» ընդդիմախոսներին, անգամ ձեռքերով էր ցույց տալիս, ԱԺ ամբիոնից էլ «թափ տալու» մասին էր խոսում։ Մյուս կանոնը՝ չի կարելի փողոցը չթույլատրված տեղով անցնել, լուսացույցի կանաչի տակով է պետք անցնել, մինչդեռ Փաշինյանի շարասյունը ոչ մի լուսացույց չի հարգում և անցած տարի էլ հղի կնոջ մահվան պատճառ դարձավ։ Չի կարելի կաշառք վերցնել, ընտրություններ կեղծել և այլն։
Փաշինյանը հատկապես կենտրոնացել է կեղծելու թեմայի վրա՝ հասկացնելով, որ չի մարսում ո՛չ վարչության ընտրությունների, ո՛չ էլ Մալաթիայի կուսակցական խորհրդի ու ևս մի քանի խորհուրդների ընտրություններում կուսակիցների զեղծարարությունների փորձերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: