Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանից միջինում 3 անգամ ավելի է եղել․ Փաշինյանն ասաց՝ ինչու ենք զենք ձեռք բերում
Ավելի քան կրկնապատկվում է նաև բյուջեի ծախսային մասը։ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ 2024 թ. բյուջեով 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիք է։
«Ես վստահ եմ, որ մեր հարևան երկրները համոզված են՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը զենք է ձեռք բերում, ապա դա, ըստ Փաշինյանի, յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը։
«Այդ առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չեմ համարում երկու պատճառով. նախ յուրաքանչյուր ինքիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, երկրորդ՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի է եղել և, ըստ էության, շարունակում են մնալ այդպիսին»,- ասաց Փաշինյանը։